Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ համաժողովի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը  քննարկումներ են անցկացնում համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ:

Նա ընդգծեց, որ Եգիպտոսի հարյուր միլիոնանոց շուկան կարևոր շուկա է ԵԱՏՄ-ի համար, և Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ԵԱՏՄ երկրների գործարարներին մասնակցել Եգիպտոսում իրականացվող ծրագրին:

«Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Եգիպտոսի նախագահի հետ: Նա նույնպես  հանդես եկավ նախաձեռնությամբ և մեր բանակցային գործընթացի շրջանակներում առաջարկեց, որ մենք բիզնես ֆորում կազմակերպենք այս տարվա դեկտեմբերին: Այն կարող է օգնել մեզ ավելի մեծ չափով կյանքի կոչել մեր շահերը բանակցային գործընթացում, նաև առաջ մղել մեր բիզնեսների շահերը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր  նշանակություն ունի այն պայմանագիրը, որ ստորագրվել է Իրանի հետ, ինչը կարող է մեծ խթան հանդիսանալ: