Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման համար մեթոդական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև այս տարվա վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Երևանում եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:

Գոլովչենկոն նախ մեծապես կարևորեց ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը՝ նշելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական, կազմակերպված հիմքի ձևավորումն է։ «Դա պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ»,-ասաց Բելառուսի վարչապետը:

Նրա խոսքով՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում կներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, ինչից հետո կկայացվի երկրորդ փուլ անցնելու որոշում: