Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով մասնակցում է  Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովին, իր ելույթում ողջունել է համաժողովի կազմակերպումը: Նա նշել է, որ այն կարող է լավ ավանդույթ դառնալ, որտեղ բիզնես-ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ձեռք բերել գործընկերներ, համագործակցել պետական մարմինների հետ: Պետական մարմիններն էլ կարող են լսել խնդիրները, վերակազմակերպել իրենց աշխատանքը, որը պետք է ուղղված լինի ԵԱՏՄ երկրների բիզնես-ոլորտի զարգացմանը: Տ. Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում կա 4 ազատություն՝ կապված ծառայությունների, ապրանքների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի հետ:

Դա նշանակում է, որ ինտեգրացման շնորհիվ, բիզնեսը ստանում է գործելու ավելի լայն հնարավորություն,-ասել է նա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նկատել է, որ տարեվերջին արդեն աշխատանքներ են տարվեու դեղորայքի և բժշկական միջոցների ընդհանուր շուկայի, էլեկտրաէներգիայի, գազի, նավթի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ: Կարևորելով Մաքսային օրենսգիրքը, Տ. Սարգսյանը նշել է, որ արվում է ամեն բան, որպեսզի փաստաթուղթն ստորագրվի դեկտեմբերին՝ ԵԱՏՄ միության նախագահների հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ հիմա աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ-Չինաստան համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ Մետաքսի ճանաարհի միջոցով: Բացի այդ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Հնդկաստանի, Իրանի, Իսրայելի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի հետ: Արդեն ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնության փաստաթուղթն ստորագրված է Վիետնամի հետ: