«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ կազմակերպել են    «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովը, որը կանցկացվի 2021թ. հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Միջոցառումը մեկնարկում է ժամը 12:00-ին և ավարտվում՝ 19:30-ին։

Համաժողովի նպատակն է բացահայտել գյուղական համայնքների զարգացման տարբեր փորձառություններ, ներկայացնել լավագույն փորձը և հաջողված մոտեցումներ, քննարկել առաջացած խնդիրները հաղթահարելու ուղիներ, բացահայտել համատեղ նախագծերի հնարավորություններ և ստեղծել հավանական համագործակցության հիմքեր։

Այս տարվա համաժողովի ձևաչափն իրենից ներկայացնում է թեմատիկ քննարկումների ու էքսպո բաղադրիչի համադրություն։ Լինելու են 4 պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով.

խելացի կառավարում՝ կառավարման նորարարական մոդելներ,

կայուն աշխատատեղեր՝ ձեռներեցություն, թիրախային զբոսաշրջություն

կանաչ ապագա գյուղատնտեսության համար

սոցիալական վերականգնումը որպես համայնքի զարգացման նախադրյալ

Համաժողովին մասնակցում են գյուղական համայնքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ։ Էքսպոյին իրենց ծառայություններոն ու արտադրանքն են ներկայացնելու իրենց ձեռնարկատիրությամբ ու նախաձեռնություններով գյուղական համայնքների զարգացմանը նպաստող կազմակերպությոններ Հայաստանի տարբեր մարզերից։

Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2019թ. նոյեմբերի 9-10-ը, իսկ 2020թ. այն չկայացավ ՔՈՎԻԴ-19-ի համավարակի պատճառով։