Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիր եւ քննարկումներ, իհարկե, կան, եւ հաշվի առնելով, որ ծրագրերում եւ գործող ատոմակայանի տեխնիկական վիճակի մասին քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ մինչեւ 2036 թվականը գործող ատոմակայանը կարող է աշխատել, մինչեւ 2036 թվականը պետք է պատրաստվել եւ իրականացնել նոր բլոկի կառուցման աշխատանքները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, Արմավիրի մարզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ ծրագրեր կան եւ ե՞րբ կկառուցվի ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը։

Նրա խոսքով, մոտավոր հաշվարկներով՝ դա 7-8 տարի կտեւի. «Կարող ենք 10 տարի համարել։ Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսը սկսի աշխատել»։