Արդեն հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացնում է (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ ՀԾԿՀ հայտարարության՝ 2013թ.-ին կնքված պայմանագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին։

Բնակչության համար ներկայում գործող սակագինը դիֆերենցված է ըստ էլեկտրաէներգիայի օգտագործման մակարդակի։ Նշաձողը սահմանվել է ամսական 400 կՎտ/ժ: Նշված քանակը գերազանցելու դեպքում ցերեկային սակագինը 44,98 դրամից բարձրանում է մինչեւ 47,98 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի համար։ Նույն կերպ բարձրանում է գիշերային սակագինը:

Միաժամանակ, սակագների բարձրացմանը զուգահեռ, առաջարկվում է նաեւ այս նշաձողը իջեցնել ամսական մինչեւ 200 կՎտ/ժ։ Արդյունքում, այն տնային տնտեսությունները, որոնք ներկայումս սպառում են ամսական 201 կՎտ/ժ-ից մինչեւ 400 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, կրկնակի թանկ կվճարեն հոսանքի դիմաց: Եթե, իհարկե, չեն սահմանափակի էլեկտրական սարքերի շահագործման ժամանակը: Բայց սրանով էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման բացասական հետեւանքները բոլորովին չեն սահմանափակվում։

Կարեւորագույն էներգակիրներից մեկի սակագների բարձրացումը կհանգեցնի ինֆլյացիայի հետագա աճի, բնակչության կենսամակարդակի նվազման եւ երկրում աղքատության մասշտաբների ընդլայնման։ Վնաս կհասցվի Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին։

Կբարձրանա այն արտադրատեսակների ինքնարժեքը, որոնց պատրաստման համար օգտագործվում է էլեկտրաէներգիա։ Մասնագետների կարծիքով, այն ամենից շատ օգտագործվում է ալյումինի արդյունաբերության մեջ, որը մեր երկրում ներկայացված է փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանով։ Գործարանի արտադրանքը՝ ալյումինե փայլաթիթեղը, արտահանման ծավալով վարկանիշի առաջին հորիզոնականներն է զբաղեցնում։ Հայրենական արտադրության ալյումինե փայլաթիթեղի ինքնարժեքի աճը բացասաբար կանդրադառնա համաշխարհային շուկայում դրա մրցունակության վրա։

Խնդիրներ կծագեն մետալուրգիայի եւ քիմիական արտադրության, սննդամթերքի, հագուստի եւ կոշիկի արտադրության, ինչպես նաեւ այլ ոլորտներում։ Ռիսկի խմբին են պատկանում նաեւ կապի հայրենական օպերատորները (որոնք մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են ծախսում սարքավորումների շահագործման եւ հովացման համար): Այս ցանկը կարելի է շարունակել, քանի որ դժվար է գտնել գործունեության այնպիսի ոլորտներ, որտեղ էլեկտրաէներգիա չի օգտագործվում։