Ամերիկացի գիտնականները պարզել են, որ աշխարհում առաջին «կենդանի ռոբոտները», որոնք հայտնի են որպես «քսենոբոտներ», այժմ կարող են վերարտադրվել, գրել է NYP-ն։

Ռոբոտների մասին մանրամասները հրապարակվել են անցյալ տարի այն բանից հետո, երբ փորձերը ցույց տվեցին, որ դրանք կարող են շարժվել եւ ինքնաբուժվել:

Փորձերը ցույց են տվել, որ օրգանիզմները կարող են գտնել այլ միայնակ բջիջներ եւ հավաքել «փոքր» քսենոբոտները։ Մի քանի օր անց «մանուկները» դառնում են նոր քսենոբոտներ, որոնք նայում եւ շարժվում են այնպես, ինչպես սկզբնական տարբերակները։ Գիտնականների կարծիքով՝ նոր քսենոբոտները կարող են նաեւ ինքնավերարտադրվել։

Մեկ միլիմետրից պակաս լայնությամբ քսենոբոտները նախագծվում են համակարգչի վրա եւ հավաքվում ձեռքով:

«Մարդիկ բավականին երկար ժամանակ մտածում էին, որ մենք մշակել ենք կյանքի վերարտադրման բոլոր ուղիները։ Սակայն նման բան նախկինում երբեք չի եղել», – ասել է Դուգլաս Բլեքիստոնը, ով աշխատել է հետազոտության վրա: «Սա շատ կարեւոր է», – ավելացրել է հետազոտության համատնօրեն Մայքլ Լեւինը: «Այս բջիջներն ունեն գորտի գենոմ, բայց երբ ազատվում են շերեփուկներ դառնալուց, օգտագործում են իրենց հավաքական ինտելեկտը եւ պլաստիկությունը՝ ինչ-որ արտասովոր բան անելու համար»:

Թիմը հայտարարել է, որ նոր հետազոտությունը կարող է օգտակար լինել վերականգնողական բժշկության առաջընթացի համար: