Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հունվարի 31-ին քննարկել է մաքսատուրքերի տոկոսադրույքների նվազեցումը, քաղաքակիրթ, թափանցիկ շուկաների ձեւավորումը, Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի խոչընդոտների վերացումը եւ այլ հրատապ թեմաներ: Այդ մասին հայտնել է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը:

Բացելով նիստը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի պետությունների նախագահները հանձնաժողովի առջեւ դնում են «գլոբալ հավակնոտ խնդիրներ, որոնք համապատասխանում են Միության երկրների զարգացման գերակայություններին, ապագայի նրանց տեսլականին: ԵԱՏՀ-ում ընդունվող որոշումները պետք է օգնեն՝ հասնելու այդ նպատակներին: Միայն այդպես մենք կկարողանանք բոլորին ցուցադրել մեր ինտեգրացման իրական օգուտը եւ ապրանքների ու ծառայությունների, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների միասնական շուկայի ստեղծման օգուտները»:

Տիգրան Սարգսյանը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի տարեկան ուղերձում որպես 2017 թվականին երկրի զարգացման գլխավոր ուղղություններ առանձնացվել են այն վեկտորները, որոնք կարեւոր են նաեւ ԵԱՏՄ-ի համար: Դա տնտեսության թվայնացումն է եւ տրանսպորտային-լոգիստիկական ենթակառուցվածքի կատարելագործումը:

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման շրջանակներում ԵԱՏՀ-ի կոլեգիան հաստատել է պահանջները դրա բաղադրիչներից մեկի նկատմամբ, որը միավորում է Միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի տվյալների բազան: Նախատեսվում է ստեղծել յոթ ընդհանուր ինտերնետ-ռեսուրս, ներառյալ գյուղատնտեսական բույսերի տեսակների միասնական ռեեստրը, զարգացման կանխատեսումային ցուցանիշները, ցեղական կենդանիների եւ ցեղական անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների վերաբերյալ տվյալների բազան եւ գիտահետազոտական գործունեությունը:

Օգտատերերը կկարողանան արտադրությունը մոդելավորել շուկայում ապրանքների ու ծառայությունների պահանջարկի փոփոխման հաշվառմամբ, գնահատել պարենային անվտանգության ապահովման հետ կապված իրադրությունը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի եւս մեկ կարեւոր որոշումն է դարձել այն հանձնարարականին հավանություն տալը, որի համաձայն ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկվում է շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեղեկացնել Միության ներքին շուկաներում սահմանափակումների եւ խոչընդոտների վերաբերյալ Հանձնաժողովին հայտնելու հնարավորության մասին: Ընդ որում՝ դա կարելի է անել նաեւ http://barriers.eaeunion.org հատուկ տեղեկատվական ռեսուրսի օգնությամբ:

«Մենք մշտապես զբաղվում ենք Միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտմամբ եւ դրանց վերացմամբ,-հայտարարել Է կոլեգիայի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:-Սակայն երկրները կենդանի օրգանիզմ են, եւ պետական մարմինների այս կամ այն գործողության հետեւանքով կարող են ծագել նոր խոչընդոտներ: Ավելի հաճախ դրանք իսկույն հայտնվում են մեր տեսադաշտում, բայց երբեմն էլ՝ ոչ: Ուստի մենք հորդորում ենք պետական մարմիններին, բիզնեսին, մեր երկրների քաղաքացիներին՝ հայտնել այն դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են ԵԱՏՄ-ի շուկաներում»:

Նաեւ ԵԱՏՀ-ի կոլեգիան հավանություն է տվել այն առաջարկությանը, որով նախատեսվում Է ԵԱՏՀ-ի խորհրդի առաջիկա նիստում քննարկել Միությունում մակնշման համակարգի զարգացման հարցը: Այդ միջոցները թույլ կտան աջակցել բարեխիղճ բիզնեսին:

ԵԱՏՀ-ի կոլեգիան հավանություն Է տվել կաշվի-կոշիկի արդյունաբերության համար մի շարք այն ապրանքների ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքների ժամանակավոր զրոյացմանը եւ նվազեցմանը, որոնք այդ ճյուղում օգտագործվում են որպես մշակման նյութեր:

«Զրոյական տոկոսադրույքը գործելու է 2017 թվականի մարտի 1-ից մինչեւ 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ»,- նշել է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Տոսադրույքների զրոյացման ու նվազեցման վերաբերյալ վերջնական որոշումը հանձնաժողովի խորհուրդը կընդունի 2017 թվականի փետրվարի 10-ին: