Եվրասիական տնտեսական միության երկրները, որտեղ ներառված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը, ծրագրում են 2019–ին միացյալ ուղեծրային՝ Երկրի հեռակա զոնդավորման արբանյակների խմբավորում ստեղծել։ Այս մասին գրում է «Известия»  պարբերականը՝ վկայակոչելով ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության բաժնի ղեկավար Նիկոլայ Կուշնարյովին։

Նշվում է, որ 2023–ին նախատեսվում է նոր տիեզերական սարքավորումների սերիական արտադրություն։ Ծրագրվում է, որ նոր արբանյակները կգերազանցեն արդեն գոյություն ունեցողներին եւ առաջնային օտարերկրյա կրկնօրինակներին։

Թերթի տվյալներով՝ ներկայումս երկրները ակտիվ աշխատանքներ են տանում տիեզերական գեոտեղեկատվական ծառայություններ մատուցելու ինտեգրման համակարգի ուղղությամբ՝ երկրի հեռակա զոնդավորման արբանյակների խմբի հիման վրա։

Պարբերականի տվյալներով՝ միասնական տեղեկատվական կայք է ստեղծվել, որը ներառում է  արդյունաբերական ու քաղաքային տարածքների, տրանսպորտային միջանցքների, գյուղատնտեսության ու անտառտնտեսության  մոնիթորինգային ծառայությունները։ Այն տնտեսության տարբեր ոլորտներում թույլ կտա գեոտեղեկատվական ծառայություններ ստանալ։