ԵՏՄ պետությունների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15 %-ով, իսկ հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա՝ 65%-ով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Մինչ Բարձրագույն խորհրդի լիագումար նիստի քննարկմանը ներկայացված մեկ-երկու հարցերին անդրադառնալը, ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին այսօրվա հանդիպումը նման բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաեւ ցուցաբերված հյուրընկալության եւ ջերմ ընդունելության համար:

Մեր ընդհանուր տնտեսական տարածքի ձեւավորումն ու զարգացումն արդեն երկրորդ տարին է, ինչ տեղի է ունենում համաշխարհային բարդ տնտեսական իրավիճակի պայմաններում՝ արտահայտված համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման եւ աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում: Այդ ամենը մի կողմից ստեղծում է որոշակի խոչընդոտներ մեր Միության լիարժեք կայացման ճանապարհին՝ մյուս կողմից բացում նոր հնարավորություններ մեր երկրների առավել սերտ համագործակցության համար:

Այս պայմաններում մեր երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությունները թույլ տվեցին անդամ պետություններում որոշակի առումով կայունացնել իրավիճակը, տնտեսության որոշ ոլորտների եւ ճյուղերի աջակցության շնորհիվ հասնել մակրոտնտեսական կայունության, ինչի շնորհիվ որոշ երկրներում նկատվեց արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրության աճի միտում:

Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի ծավալում դրական դինամիկա, տնտեսական ակտիվության աշխուժացում արտադրական, գյուղատնտեսական եւ ծառայությունների մատուցման ոլորտներում: ԵՏՄ պետությունների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով, իսկ հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա՝ 65%-ով: Արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ նաեւ երրորդ երկրների հետ:

Մեր երկրներն ունեն զարգացման միանման նպատակներ, որոնց իրականացումը մենք, մասնավորապես, տեսնում ենք, արդյունաբերական նորարարությունների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի միջոցով: Կարեւոր են նաեւ համատեղ ջանքերը՝ ուղղված փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրագործմանը:

Մենք ունենք երկու կարեւոր նպատակ. առաջինը՝ Միության ամրապնդումը ներսից, խոչընդոտների վերացման ճանապարհով մեր ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների եւ սահմանափակումների նվազեցումը, երկրորդը՝ ԵՏՄ-ի միջազգային ներգրավվածության բարձրացումը: Այս երկու նպատակները փոխլրացնում են միմյանց եւ ազդում կազմակերպության արդյունավետության ու միջազգային հեղինակության վրա:

Մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքերի հետագա ամրապնդման տեսանկյունից կարեւոր նշանակություն ենք տալիս ԵՏՄ համագործակցության առաջխաղացմանը՝ իրական համագործակցության պատրաստ երրորդ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ: 2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի Իսլամա-կան Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ եւ բարիդրացիական հարաբերություններ:

Այս տեսանկյունից դրական ենք գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության գործընթացը՝ որպես երկու միավորումների միջեւ երկխոսությանը նպաստող կարեւոր գործոն, փորձի փոխանակման եւ ինտեգրման ու համագործակցության գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող եւ փոխշահավետ զարգացման ապահովման ճանապարհների քննարկման նպատակով:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

ԵՏՄ-ի արդյունավետությունը զգալիորեն կախված է նաեւ անդամ երկրների պետական մարմինների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ գործարար շրջանակների միջեւ սահուն եւ համակարգված աշխատանքից: Այդ կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ակնկալում ենք Միության առջեւ ծառացած արդիական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ՝ իր լիազորությունների շրջանակներում: Կարեւոր քայլ ենք համարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության երկրների պետական մարմինների հետ համագործակցությամբ, այսպես կոչված, «Սպիտակ գրքի» մշակումն ու հրատարակումը, որտեղ համաձայնեցված կերպով ներկայացված են Միության շուկայի համար առկա 60 խոչընդոտներ: Հուսով եմ, շուտով կհաստատվի նաեւ դրանց վերացման ճանապարհային քարտեզը՝ համապատասխան ժամկետներով:

Հայաստանն առաջիկայում եւս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երեւույթների հետեւանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը՝ այդ թվում նաեւ Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով»: