Ռուսաստանի «Խնայբանկի» նախագահ Գերման Գրեֆը Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է նավթի գների առաջիկա կանխատեսումները:

-Ես հակված եմ մտածել, որ նավթի գինն այլևս չի վերադառնա 138-ի ցուցանիշին, քանի որ նավթը շարունակում է մնալ ոչ միայն ակտիվների խոշորագույն ներդրման օբյեկտ, որտեղ հսկայական ներդրումներ են կատարում ֆինանսական հիմնարկները, այլև ամենակարևորը՝ խաթարված է առաջարկների բալանսը: Այսօր գոյություն չունի նավթի դեֆիցիտի հիմնախնդիրը և, ամենայն հավանականությամբ, այդ կարևորագույն ռեսուրսի պահանջարկը որպես էներգետիկ հումք կշարունակի նվազել: Դա կշարունակվի առաջիկա 10-15 տարիներին և մենք պետք է պատրաստվենք նրան, որպեսզի մեր տնտեսության մեջ աստիճանաբար գտնենք նավթի փոխարինողը: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եղել և մնում է ամբողջ տարածաշրջանում տնտեսական զարգացման գլխավոր լոկոմոտիվը: Ամբողջ տնտեսությունը, այսպես թե այնպես կախված է նրանից: Մենք տեսնում ենք նաև, որ առաջիկա 3 տարիների կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն, 1 տոկոսի շրջանակում, որը շատ քիչ է այսպիսի վերականգնվող տնտեսության համար,-հայտարարել է Գերման Գրեֆը: