Հոկտեմբերի 13-16-ը Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովին կմասնակցի Շանհայի Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ Քսյու Մինգքին: 

Քսյու Մինգքին նաև Շանհայի արտաքին առևտրի գոտիների ուսումնասիրության կոորդինացիոն կենտրոնի գլխավոր քարտուղարն է: Ֆուդանի համալսարանի և Շանհայի ֆինանսների ու տնտեսագիտության համալսարանի հրավերով դասախոսում է վերոհիշյալ կրթօջախներում: Հետազոտական աշխատանքի հիմնական ոլորտներն են՝ միջազգային տնտեսագիտության տեսություն, միջազգային ֆինանսներ, միջազգային քաղաքական տնտեսություն, եվրոպական տնտեսության, դրամական հարաբերություններ, դրամական քաղաքականություն և Չինաստանի տնտեսական համակարգի բարեփոխումներ: 

Երևանում Քսյուն հանդես կգա Եվրասիական գործընկերություն և «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտի նախաձեռնության մասին զեկույցով:

Դոկտոր Քսյուն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կարևոր դեր ունի «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու կառուցման գործում: Այն արդեն իսկ կարևոր շարժիչ ուժ է Ռուսաստանի և Եվրասիական երկրների համագործակցության միջև: Քսյու Մինգքիի կարծիքով ԵԱՏՄ-ի հետ համագործակցության բոլոր հատվածների զարգացման բազում պատճառներ գոյություն ունեն:
Չինաստանն այսօր ԵԱՏՄ-ի առևտրային ամենախոշոր գործընկերն է, և արդեն իսկ ներդրումների ու առևտրի վերաբերյալ տասնյակ պայմանագրեր է ստորագրել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ: Չինաստանի համար Մետաքսի ճանապարհ գոտին ներդրում է ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի մեջ: Դառնալով կամուրջ ԵԱՏՄ-ի տարածաշրջանային տնտեսությունների և Ասիախաղաղօվկիանոսյան երկրների միջև՝ այն կխթանի երկու տարածաշրջանների տնտեսությունները: Ազատ առևտրային գոտու հաստատման գործում Չինաստանի և ԵԱՏՄ համագործակցությունը զգալիորեն կմեծացնի նրանց աճի ներուժը:

Քսյու Մինգքին նշում է նաև, որ Ռուսաստանի և Չինաստանի շահերը ԵԱՏՄ և «Մետաքսի ճանապարհ» գոտու նախաձեռնության զարգացման հարցում համընկնում են: Ռուսաստանն այս նախաձեռնության հանդեպ սկզբում զուսպ դիրքորոշում էր ցուցաբերում, ինչը պատմականորեն պայմանավորված է: Սակայն միջազգային մարտավարական շահերը և արագ զարգացող երկկողմանի առևտուրն ու ներդրումները միավորում են Չինաստանն ու Ռուսաստանը և հիմք տալիս հավատալու, որ ԵԱՏՄ-ն և «Մետասի ճանապարհ» գոտին նույն նպատակներն ու շահերն են հետապնդում:

Համաժողովին իր ելույթի ընթացքում Քսյու Մինգքին կխոսի նաև ԵԱՏՄ և Չինաստանի համագործակցության ընթացքում ծառացած խնդիրների մասին:

«Ես լավատես եմ ԵԱՏՄ և «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համարգործակցության վերաբերյալ: Համաձայնության գալու պահից շատ հեշտ կլինի գործել միահամուռ կերպով: Տարածաշրջանում միանման շահեր ունենալու պայմաններում մենք կարող ենք շատ ավելիին հասնել՝ նոր «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու միջոցով կապելով Ասիան և Եվրոպան, քան մեր նախնիները, որոնք կառուցեցին «Մետաքսի ճանապարհը» և կապ հաստատեցին Արևելքի ու Արևմուտքի միջև», – ասում է Քսյու Մինգքին: