Հոկտեմբերի 6-ին՝ Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկեց Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը:

Համաժողովի բացման պաշտոնական նիստին մասնակցում էին համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը, Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարարի տեղակալ Ալիկ Այդարբաևը, «Ռուսաստանյան արտահանման կենտրոն» ընկերության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովը, Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական կապերի և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը: Այդ մասին հայտնում են Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի մամուլի ծառայությունից:

Լիագումար նիստի ավարտին ստորագրվել է 6 համաձայնագիր, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին:

Համաժողովի մասնակիցները հանդիպել և տնտեսական փոխգործակցության և համագործակցության հարցերն են քննարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ՀՀ կառավարության այլ անդամների հետ:

Դենիս Մանտուրովը նաև առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական գործընկերության երկրներում» խորագրով: