Մինչ ԵԱՏՄ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը  Սարգսյանը  2014 – 2016 թթ. եղել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Հատկանշական է Համաշխարհային ճգնաժամի տարիներին Հայաստանի համար շատ կարևոր ժամանակաշրջանում Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հաստատվելը:

2010-2014թթ. վարչապետության տարիներին նա վարել է հակաճգնաժամային քաղաքականություն տնտեսության իրական հատվածի աջակցման, ենթակառուցվածքների ստեղծման ու հասարակական ոլորտի աջակցության միջոցով։ Տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականություն իրականացնելով՝ ստեղծել է էլեկտրոնային կառավարություն, իրականացրել մի շարք կարևոր բարելավումներ կառավարման համակարգում։ Գործարկել է պարտադիր ավտոապահովագրության համակարգը։ Նրա կառավարման օրոք վերացվել է հեռահաղորդակցության ու օդային հաղորդակցության ոլորտների մենաշնորհային իրավիճակը։ Վարել է մերձեցման քաղաքականություն  եվրոպական կառույցների և զուգահեռաբար Եվրասիական տնտեսական միության հետ:

Սարգսյանի գործունեությունը չի սահմանափակվում ԵԱՏՄ գործադիր մարմնի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոններն զբաղեցնելով:

1998-2008թթ. իրականացնելով Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները` նա պարտադիր է դարձրել միջազգային հաշվապահական հաշվետվության չափանիշների կիրառումը, հիմնադրել է վճարման միջբանկային համակարգը, ազգային վճարահաշվարկային համակարգը, ֆինանսական համակարգի մեգակառավարիչը, ավանդների հատուցման համակարգը։ Վարել է գնաճի նպատակադրման ռազմավարություն։ Իր ղեկավարման տարիներին մինչև 2000-ականների կեսը բազմաթիվ հետաքննությունների ու քրեական գործերի արդյունքում ֆինանսական համակարգից դուրս են մղվել մի շարք քրեական տարրեր ու դադարեցվել է գումարների անօրինական շարժը։

Համարվումէ Հայաստանի բանկային համակարգի հիմնադիրների մեկը։ Հանդիսացել է 1993 թվականին Հայկական դրամի հիմնադիրներից, ինչպես նաև 1995 թվականին Հայաստանի բանկերի միության հիմնադրիներից մեկը։