Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել: Այդ մասին իր ելույթում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր ելույթում նշեց.

«Հարգելի ընկերներ,

Նիստի մասնակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ ելույթս սկսել շնորհակալական խոսքեր հայտնելով Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևին՝ ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Նեղ կազմով հանդիպմանը մենք արդեն կարծիքներ փոխանակեցինք և կողմնորոշվեցինք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային հարցերում: Այնուամենայնիվ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից քննարկված և մեր երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա:

Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում:

Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:

Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում: Այս հարցում մենք կարևոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության և վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը:

Մեր միության բոլոր երկրները հաստատում են հետաքրքրվածությունը Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի համաձայնեցման հարցում: Այս փաստաթղթի կյանքի կոչումը դրական ազդեցություն կունենա Միության երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև բիզնես գործընթացների իրականացման վրա:

Մենք բացարձակ տեղին ենք համարում «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրի դրույթների իրականացումը համահունչ է առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի առաջնահերթություններին:

Մենք կարևորում ենք, որպեսզի մեր երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ:

Հարգելի ընկերներ,

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:

Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին:

Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը:

Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ դիմել ԵԱՏՄ անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ խնդրելով հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի: Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո:

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:

Այս կապակցությամբ ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով՝ այս կարևոր իրադարձությանը ապահովել ձեր երկրների պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հնարավորինս լայն մասնակցությունը:

Համաժողովին մասնակցնելու համար հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները և ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները:

Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նշենք, որ նիստի ավարտից հետո Հայաստանի վարչապետը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել և նամականիշի մարման արարողություն է կայացել: