Հայաստանն առանձնակի կարեւորում է ԵՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Նախեւառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախստանյան կողմին՝ գերազանց ընդունելության եւ ավանդական հյուրընկալության համար, ինչպես նաեւ մեր հոբելյանական գագաթաժողովի փայլուն կազմակերպման համար:

Ցանկանում եմ շնորհավորել նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչումն ստանալու կապակցությամբ:

Նուրսուլթան Աբիշի, Ձեր դերը Միության ձեւավորման գործում իսկապես անգնահատելի է: Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ եւ կգործադրենք բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար:

Այսօրվա հանդիպման օրակարգի հարցերի վերաբերյալ կցանկանայի նշել հետեւյալը. որպես նախագահող երկիր՝ Հայաստանն առանձնակի կարեւորում է ԵՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագրիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ վերջերս Պեկին կատարած իմ այցի ընթացքում Չինաստանի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը:

Գոհունակությամբ կցանկանայի նշել Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, չնայած նրան, որ, ըստ էության, այդ բանակցությունները վարվում են երեք առանձին ուղղություններով` ապրանքներ, ծառայություններ եւ ներդրումներ:

Հաշվի առնելով, որ Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ Ծառայությունների եւ ներդրումների առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարեւոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթն ստորագրվի այս տարի:

Ես նաեւ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսին մտադիր եմ այց կատարել Սինգապուր, որի ընթացքում կանեմ հնարավորը, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց ապահովվի:

Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցում եւ աջակցում է ԵՏՄ թվային օրակարգի ստեղծման եւ իրականացման գործընթացին: Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս «կարգավորիչ ավազանների» հատուկ իրավական ռեժիմների ստեղծման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, թվային տրանսպորտային միջանցքների աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ թվային զարգացման կենտրոնների ստեղծման հարցերով խմբերի գործունեությունը:

Համոզված ենք, որ ԵՏՄ թվային օրակարգի շրջանակում իրականացվող եւ անդամ պետությունների կարողությունների ընդլայնմանը միտված աշխատանքի դինամիկ զարգացումը կնպաստի համագործակցության մակարդակի բարձրացմանը եւ հարմարավետ պայմաններ կստեղծի բիզնեսի համար:

Նշված ուղղությամբ առաջխաղացումը թույլ կտա անդամ պետություններին բարձրացնել իրենց մրցունակությունը, ավելացնել ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը` ինչպես անդամ երկրների միջեւ, այնպես էլ երրորդ երկրների հետ:

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունը իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների եւ սպառողների տնտեսական շահերից:

Այս կապակցությամբ ՀՀ-ն ողջունում է ԵՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, որոնք կատարվել են անդամ պետությունների միջեւ էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու առանձնահատկությունները:

Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձեւավորել անդամ պետությունների միջեւ էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման եւ համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաեւ թույլ կտան սահմանել անդամ պետությունների եւ երրորդ երկրների համակարգային օպերատորների միջեւ համագործակցության սկզբունքները:

Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի նշել, որ ուրախ կլինենք ողջունել ձեզ Երեւանում այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին»: