Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նպատակը, որն է` ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակի ստեղծումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը համարում է խիստ հրատապ, քանի որ կապված է աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետ: «Առաջին խնդիրը համաշխարհային մակարդակով թվայնացումն է, որը փոխում է տնտեսական մոտեցումը, մեր կյանքը, հասարակության և տնտեսության կառուցվածքի մասին հին պատկերացումները: Պատահական չէ, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն անցած տարվա դեկտեմբերին հրահանգել են ԵԱՏՄ-ի համար նախանշել թվայնացման ոլորտի հիմնական ուղղությունները: Հոկտեմբերի 11-ին Սոչիում կքննարկենք այդ փաստաթուղթը»,- ելույթ ունենալով Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի այսօրվա նիստին` նշեց Տ. Սարգսյանը:

Ուշադրություն հրավիրելով ԵԱՏՄ անդամ երկրներին միության կազմում տրված արտոնություններին ու հավասար հնարավորություններին` Տ. Սարգսյանն ընդգծեց. «ԵԱՏՄ-ն անդամ բոլոր հինգ երկրներին, անկախ բնակչության թվից, տարածքից ու այլ պայմաններից, հնարավորություն է ընձեռվում իրենց տնտեսական պոտենցիալը ներկայացնելու ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև ընդունելու որոշումներ, որոնք կտարածվեն ԵԱՏՄ ամբողջ տարածքի վրա»:

Ելույթի վերջում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ այսօրվա քննարկումը կտա շատերին հուզող հարցերի պատասխանները:

Հիշեցնենք, որ երկրորդ անգամ Հայաստանում անցկացվող համաժողովի աշխատանքներին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլ երկրներից:

times.am