Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Երևանում իր աշխատանքներն է սկսել Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։

Իր բացման խոսքում «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը նշել է, որ իր կողմից կազմակերպված Համաժողովի խնդիրն է  «նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից գործարքներ իրականացնելու համար»։

Համաժողովի աշխատանքները նպատակաուղղված կլինեն արդյունավետ այնպիսի լուծումների բացահայտմանը, որոնք խթանում են տարածաշրջանային տնտեսական համախմբումը և ներդրումային հոսքերի ավելացմանը նպաստող բաց նորարարությունների զարգացումը, ասել է Արա Աբրահամյանը:

«Կարելի է վստահորեն ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը, որի ծրագրերը մենք խթանում ենք համաժողովի ընթացքում, ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը:

Վերջին տարիներին ԵվրԱզԷՍ-ի բոլոր երկրներում մակրոտնտեսական ցուցանիշները զգալիորեն լավացել են:

Գործընկերության սահմաններում լուծում է ստացել սոցիալ-տնտեսական խնդիրների ամենալայն շրջանակը: Մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան չորս անգամ: Մեր համագործակցությունը ամրապնդվեց, Եվրասիական տնտեսական միության հեղինակությունը աճեց համաշխարհային ասպարեզում:

Մեր հաջողությունները զարգացնելու համար մենք պետք է վերածենք Եվրասիան «խելացի» կառավարվող տարածաշրջանի, այսինքն, մի տարածաշրջանի, որտեղ կկիրառվեն նորարարություններն ու հատուկ մասնագիտացումները:

Եթե յուրաքանչյուր երկիր ինտեգրացիայի համար առաջարկի իր լավագույն ռեսուրսները, տաղանդներն ու հնարավորությունները, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել «խելացի» կառավարվող տարածաշրջանի տնտեսական աճը:

Եթե մենք համատեղենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր մասնակից երկրների մարդկային և մտավոր ռեսուրսները, ապա շուտով մենք կդառնանք ոչ միայն «խելացի», այլև բարգավաճ տարածաշրջան», – իր խոսքում նշել է «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան:

Հիշեցնենք, որ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովն անց է կացվել 2016թ. հոկտեմբերին։