Ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի եւ տարեկանի խառնուրդ), գարու եւ եգիպտացորենի արտահանումը Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս կասեցված է մինչեւ հուլիսի 1-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով գյուղատնտեսության նախարարությանը։

Մարտի 31-ին ՌԴ կառավարությունը որոշում էր կայացրել Ռուսաստանից մի շարք հացահատիկային մշակաբույսերի արտահանման համար քվոտա սահմանել․ փաստաթուղթը հրապարակվել էր ապրիլի 2-ին։ Քվոտայի ծավալը կազմում է 7 միլիոն տոննա, այն պետք է գործի մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը։ Կիրակի Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ ապրիլի 26-ին ցորեն արտահանողներն ամբողջությամբ ընտրել են քվոտան։

Գյուղատնտեսության նախարարությունը նշում է, որ սահմանափակող միջոցը թույլ կտա կայունացնել հացահատիկայինների գներն ու բավարարել երկրում հացահատիկի եւ դրանից ստեղծված մթերքների ներքին կարիքը։ «Ընդ որում՝ նախարարության գնահատմամբ՝ սահմանափակումները չեն ազդի ՌԴ պետական ծրագրերի նպատակների իրագործման, ինչպես նաեւ 2020 թվականին գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ցուցանիշների վրա»,-հավելել են գերատեսչությունում։